Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Թանգարաններն են այն ինստիտուտները, որտեղ կարող են լավագույնս պահպանվել մշակութային արժեքները»

«Թանգարաններն են այն ինստիտուտները,  որտեղ կարող են լավագույնս պահպանվել մշակութային արժեքները»
05.12.2014 | 12:07

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը բացառիկ ընծա է ստացել ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանից: Անվանի արվեստագետը թանգարանին ի պահ է հանձնել իր տաղանդավոր հոր՝ նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի՝ 1974 թվականին արած էսքիզը Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» թատերգության բեմադրության համար և 1941 թվականին Թբիլիսիում արված նույն այդ բեմադրության էսքիզի լուսանկարը:
Ինչպես պատմում է Ռոբերտ Էլիբեկյանը, Վաղարշակ Էլիբեկյանը էսքիզը ստեղծել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնի 1941 թվականին բեմադրած «Քաջ Նազար» թատերգության համար: Հետագայում՝ 1974 թվականին, հիմք ընդունելով պահպանված լուսանկարը և իր հիշողության մեջ մտովի վերականգնելով ավելի քան երեսուն տարի առաջ կատարած աշխատանքը, նկարիչը վերստեղծել է բեմական էսքիզը ստվարաթղթի վրա՝ օգտագործելով ջրաներկ:
Տուն-թանգարանի աշխատակազմը խորին շնորհակալությամբ է ընդունել մեծարգո Ռոբերտ Էլիբեկյանի նվիրատվությունը՝ մեծապես կարևորելով նրա վերաբերմունքը թանգարանների ու դրանց գործունեության հանդեպ:
«Ես կարծում եմ, որ թանգարաններն են այն ինստիտուտները, որտեղ կարող են լավագույնս պահպանվել մշակութային արժեքները, պատմական հիշողությունները,- ասաց նա` հոր արխիվային նյութերը տուն-թանգարանին հանձնելիս։- Մասնավոր անձանց մոտ կամ այլ տեղերում այսպիսի բաները չունեն հուսալի ապագա»: Նշենք, որ Ռոբերտ Էլիբեկյանն իր ստեղծագործությունների դեպքում ևս այդ մոտեցումն է ցուցաբերում, և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանին իր երկու մեծադիր կտավների ընծայումը ասվածի խոսուն վկայությունն է:
Մինչ Ռոբերտ Էլիբեկյանի նվիրատվությունը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ֆոնդում պահպանվում էին «Քաջ Նազարի» երեք բեմական էսքիզներ, որոնցից երկուսի հեղինակն էր Մ. Արուտչյանը, մեկինը՝ Ա. Դանդուրյանը: Վ. Էլիբեկյանի հեղինակած էսքիզն արդեն ցուցադրվում է տուն-թանգարանի այցելուներին, սակայն այն առավել նպաստավոր պայմաններում կներկայանա հանրությանը տուն-թանգարանի հիմնանորոգումից և նոր ցուցադրության կազմակերպումից հետո:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ